Պաշտպանվում ենք անցանկալի հղիությունից և սեռավարակներից (մաս 2)

Նախորդ հրապարակման մեջ անդրադարձանք անցանկալի հղիությունից և սեռական ճանապարհով փոխանցվող մի շարք հիվանդություններից պաշտպանվելու մեթոդներից մեկին` պահպանակներին: Այս անգամ ձեզ այլ տարբերակներ կառաջարկենք, որպեսզի կարողանաք ապահով ու առողջ սեռական կյանք ունենալ:

Անցանկալի հղիությունը կանխելու ամենատարածված միջոցներից է թերևս հակաբեղմնավորիչ հաբերի օգտագործումը: Այն հատկապես հարմար կլինի այն հաշմանդամություն ունեցող կանանց, ովքեր անհարմարություններ ունեն պահպանակներից օգտվելիս: Հակաբեղմնավորիչ հաբերի բազմաթիվ տեսակներ կան և պետք է հիշել, որ դրանք պետք է սկսել ընդունել բժշկի հետ խորհրդակցելուց հետո, քանի որ հակացուցումները շատ են: Դրանց ընդունման կանոնները ևս տարբեր են, սակայն պետք է հիշել, որ ցանկացած դեպքում դրանք պետք է խմել սեռական ակտից առաջ և, եթե հնարավոր է` ամեն օր նույն ժամին: Այս հաբերն ունակ չեն հարյուր տոկոսով ձեզ պաշտպանելու հղիությունից: Դրանք անկարող են նաև փակել սեռավարակների ճանապարհը ձեր օրգանիզմ: Եթե հաբերն ընդունելուց հետո գլխացավ, սրտխառնոց, քաշի ավելացում, կրծքերում այրոց և դաշտանի փոփոխություններ/խանգարումներ եք նկատում, ապա անպայման դիմեք բժշկի:սեռավարակներ

Բացի հաբերից, գոյություն ունեն նաև ներարկվող հակաբեղմնավորիչներ: Սրանք առավել հուսալի են և մեկ առավելություն ունեն՝ կարիք չկա ամեն սեռական ակտից առաջ ներարկում կատարել, մեկ ներարկումն ուժի մեջ է մնում 1-3 ամիս: Պետք է հիշել, որ 6 ամիս այս մեթոդն օգտագործելուց հետո պետք է կալցիումով հարստացնեք ձեր օրգանիզմը, քանի որ այն ոսկորները թուլացնելու հատկություն ունի:

Հաջորդ ամենատարածված մեթոդը ներարգանդային պարույրի (ՆԱՊ) օգտագործումն է: Սա ևս ձեզ կպաշտպանի հղիանալուց, բայց ո՛չ երբեք սեռավարակներից: ՆԱՊ-ը պլաստմասսայե կամ դրա և պղնձի համակցությամբ պատրաստված 2 լար ունեցող փոքրիկ իր է: Այն տեղադրվում է արգանդի վզիկի մեջ ու փակում սերմնահեղուկի ներթափանցումը արգանդ: ՆԱՊ-ը տեղադրում են բժիշկները: Եթե անհարմարություններ կամ բորբոքումներ չկան, այն կարելի է չհանել անգամ մինչև 10 տարի: Պետք է նշենք, որ ՆԱՊ-ը տեղադրելու համար պետք է կարողանաք լայն բացել ոտքերը, իսկ եթե չեք կարող, քանի որ ձեր հաշմանդամությունը խոչնդոտում է դրան` ապա հրաժարվեք դրանից՝ ավելորդ ցավ, լարվածություն չզգալու համար:

Եթե ՆԱՊ-ը տեղադրելուց հետո նկատվում են որովայնի ներքևի հատվածում չդադարող ցավ, դաշտանի ուշացում կամ բացակայություն, բորբոքման նշաններ` դող, ջերմություն, արտադրություն հեշտոցից, ցավ սեռական ակտի ժամանակ, ապա անպայման դիմեք բժշկի ու հեռացրեք պարույրը:

Կարող ենք առաջարկել նաև դաշտանի օրերի հաշվարկման եղանակը: Սա ևս միայն հղիությունից պաշտպանվելու համար է, բայց որևէ մեկը չի կարող երաշխիք տալ, որ միանշանակ օգտակար կարող է լինել:

Պետք է նշել, որ այս մեթոդից կարող են օգտվել միայն այն կանայք, ովքեր դաշտանի կանոնավոր պարբերաշրջան ունեն (26-32 օր տարբերություն): Հղիությունից պաշտպանվելու այս մեթոդն ընտրելու դեպքում չպետք է սեռական հարաբերություն ունենալ դաշտանի ավարտից հետո` 8-ից մինչև 19-րդ օրը: Կարող եք օրացույցի վրա ամեն ամիս նշումներ կատարել՝ հաշվարկները չշփոթելու համար:

Հիշեք, որ յուրաքանչյուր օրգանիզմ, անկախ հաշմանդամությունից, անհատական մոտեցում է պահանջում, և որ հաշմանդամությունն այս թեմաների ժամանակ որևէ բարդություն չի կարող առաջացնել: Պարզապես կախված ձեր հաշմանդամության տեսակից՝ կարող եք ավելի օգտակար եղանակ ընտրել:

Անի Պետրոսյան

08.08.2014

Հրապարակումը կատարվել է «Ամեն ինչ սկսվում է տեղեկատվությունից» ծրագրի արդյունքում,  որն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Պաշտպանվում ենք անցանկալի հղիությունից և սեռավարակներից (մաս 2) by Disabilityinfo on Mixcloud

Leave a Reply

Your email address will not be published.

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>