Գտի՛ր քո ներսի կնոջը. զրույց սեքսոլոգի հետ

Հաշմանդամություն ունեցող կանայք մյուս կանանցից ավելի կամ պակաս խնդիրներ չեն ունենում, սակայն նրանք ոչ միշտ են իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալու համար մասնագետներին դիմում: Փորձեցինք որոշ հարցերի պատասխաններ ճշտել բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանից:

file_1527_9190782.jpg– Հաշմանդամություն ունեցող մարդիկ դիմե՞լ են Ձեր ծառայություններից օգտվելու համար: Նրանց քանի՞ տոկոսն են կանայք եղել:

– Այո՛, դիմել են: Կանայք ավելի շատ, քան տղամարդիկ, սակայն եթե համեմատենք հաշմանդամություն չունեցողների հետ` ընդհանուր թվի 1%-ը:

– Հասանելի՞ են Ձեր ծառայությունները հաշմանդամություն ունեցող կանանց:

– Մեր ծառայությունների սպասարկումը պետպատվերի շրջանակներում չի կատարվում: Նույնիսկ բժշկական ապահովագրության մեջ բժիշկ սեքսոլոգների ծառայություններից օգտվելը չի մտնում:

– Ի՞նչ հարցերով են նրանք հիմնականում Ձեզ դիմում:

– Նրանք այնքան քիչ են եղել, որ կդժվարանամ հատուկ դեպքեր առանձնացնել: Հիմնականում դիմում են այն նույն հարցերով, որոնք այս սենյակ են բերում մյուս բոլոր կանանց: Կարծում եմ՝ խնդիրների կամ հարցերի պակասը չէ, որ քիչ են հաշմանդամություն ունեցող այցելուները: Պարզապես այստեղ իշխում է այն կարծիքը, որ եթե կինը հաշմանդամություն ունի, չպետք է սեռական կյանքով ապրի, մտածի սեռական հաճույքի մասին, ընտանիք կազմի ու մայրանա:

– Արդյոք կա՞ն հաշմանդամության տեսակներ, որ կխանգարեն սեռական հաճույք զգալ:

– Սեռական հակազդման կենտրոնը ողնուղեղում է ու եթե այս գոտում խանգարումներ կան, ապա չի կարող սեռական հաճույք ապրել: Օրինակ՝ եթե ծլիկի նյարդավորումն ապահովող կենտրոնն ախտահարված է, ապա ծլիկն այդ զգայունությունը չի կարող ունենալ: Սակայն կնոջ ամբողջ մարմինն էրոգեն գոտի է, և կարելի է հաճույք ստանալու այլ տարբերակ գտնել: Սեռական հարաբերությունը միայն սեռական օրգաններով չի կառուցվում, կարելի է սեռական հաճույք ստանալ էրոգեն ցանկացած գոտու միջոցով:

– Կա՞ն սեռական հարաբերության դիրքեր, որոնք պետք է օգտագործել այս կամ այն հաշմանդամության տեսակն ունենալու դեպքում:

– Այո՛, իհարկե: Հատուկ հարմարանքներ, սարքեր կան, որոնք կարող են օգնել հաշմանդամություն ունեցող կանանց ավելի հարմար դիրք ընտրելու: Հատուկ աթոռներ կան: Համացանցում բազմաթիվ նյութեր կան այս թեմայի վերաբերյալ:

Եթե հաշմանդամության հետևանքով էրոգեն գոտիները չեն տուժել, ապա կինը կարող է լիարժեք հարաբերություն ունենալ: Եթե գոտիները վնասվել են, հնարավորությունները նվազում են, բայց չեն վերջանում:

– Ի՞նչ վտանգի առաջ կարող է կանգնել կինը, եթե ամուսնական որոշակի կյանքից հետո է հաշմանդամություն ձեռք բերում: Ինչպե՞ս շարունակել ցանկալի մնալ ամուսնու համար:

– Պետք է երկուսն էլ շատ գիտակից լինեն թույլ չտալու համար, որ կատարվածն ազդի իրենց հարաբերությունների վրա: Սեռական կյանքը կարող է մի ձևից մյուսին անցնել, բայց սեռական հաճույքը պահպանվելու է: Պետք է ուժեղ լինել ու չկոտրվել, հասկանալ, որ կյանքն է այդպիսին: Եթե ինքնուրույն չեն կարողանում հաղթահարել հարվածի ծանրությունը, ուրեմն թող դիմեն մասնագետի օգնությանը: Դրանով կյանքը չի վերջանում, պարզապես այլ ընթացք է ստանում: Շատ կարևոր է նաև տղամարդու հասկանալու և գիտակցելու կարողությունը: Պետք է ուժեղանալ նման դեպքերից հետո ու շարունակել ապրել, ոչ թե սկսել գոյություն պահպանել:

Անի Պետրոսյան

08.08.2014

Հրապարակումը կատարվել է «Ամեն ինչ սկսվում է տեղեկատվությունից» ծրագրի արդյունքում,  որն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Գտի՛ր քո ներսի կնոջը. զրույց սեքսոլոգի հետ by Disabilityinfo on Mixcloud

Leave a Reply

Your email address will not be published.

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>