Ինչպե՞ս հաղթահարել ընտանիքում ստեղծված խոչընդոտները

«Շատ փոքր տարիքում եմ հաշմանդամություն ձեռք բերել: Ընտանիքս կողքիս է, երբ բուժօգնության, խնամքի կարիք ունեմ, սակայն նրանք ինձ չեն հասկանում, ու երբեմն թվում է, թե ամաչում են, որ սայլակ եմ օգտագործում: Շատ քիչ եմ տնից դուրս գալիս, քիչ ընկերներ ունեմ, բայց նրանք ինձ հավասարը հավասարի աչքով են նայում: Ընտանիքս դեմ էր, որ բարձրագույն կրթություն ստանամ, աշխատեմ… Նրանք կարծում են, որ սայլակ օգտագործող մարդն ընդունակ չէ լիարժեք կյանքով ապրելու: Կար ժամանակ, երբ փորձում էի պայքարել իրավունքներիս համար, սակայն նրանք իմ ծնողներն են, ու ես կախվածություն ունեմ կենցաղային տարբեր հարցերում: Ինձ մնում է համակերպվել ու լռել, թեև շատ լավ գիտակցում եմ, որ դրանից իջնում է ինքնագնահատականս, դառնում եմ խոցելի: Սակայն չգիտեմ՝ ինչպե՞ս դուրս գալ այս վիճակից»:

Լիաննա, 22 տարեկան

specialԸնտանիքը, անշուշտ, ամենաջերմ ու հարազատ միջավայրն է, որտեղ մարդը ծնվում ու կայանում է որպես անհատ: Երբեմն, սակայն, ամեն բան այնքան էլ իդեալական չի լինում: Հաշմանդամություն ունեցող աղջիկների դեպքում ընտանիքի հետ հարաբերությունները նաև այլ տեսանկյունից են վտանգված, քանի որ ոչ բոլոր ծնողներն են իրենց աղջիկներին ազատություն տալիս, դաստիարակում առանց բարդույթների ու օգնում ներառվել հասարակությունում:

Ընտանիք-հաշմանդամություն ունեցող կին հարաբերությունների մասին զրուցեցինք բժիշկ-հոգեբան, հոգեբանական գիտություների թեկնածու, «ԱՊԱԳԱ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի ղեկավար Արմեն Բեջանյանի հետ.

– Ընտանիքի կարևոր ֆունկցիաներից մեկը սոցիալականացման ֆունկցիան է՝ երեխային ինտեգրել, դարձնել հասարակության անդամ: Այն ընտանիքներում, այն ծնողների մոտ, ովքեր ամաչում են իրենց հաշմանդամություն ունեցող երեխայից, խաթարվում է այս ֆունկցիան: Այստեղ իրազեկման խնդիր կա, սակայն վերջին տարիներին մեր երկրում տեղեկատվություն ստանալն ավելի մատչելի ու հասանելի է դարձել, քանի որ շատ են աղբյուրները: Պետք է նկատել, որ պակասել է այն ընտանիքների թիվը, ովքեր տանն են պահում իրենց հաշմանդամություն ունեցող երեխային: Այս խնդրի լուծման մեջ մեծ է նաև ներառական կրթության դերը, քանի որ մարդու ձևավորման հարցում առանցքային նշանակություն ունեն դպրոցը, դրա միջավայրը, պայմանները:

Չեմ կարող հաշմանդամություն ունեցող աղջիկներին խորհուրդ տալ, որ ծնողների հետ խնդիրների դեպքում փախչեն տնից: Պետք էլ չէ համակերպվել նրանց պհանջներին ու ամբողջ կյանքում փակված մնալ տան պատերի մեջ: Շատ կարևոր է, թե ինչպես է տվյալ անձը կարողանում բացատրել, համոզել, ապացուցել, որ ինքը հասարակությունից մեկուսանալու որևէ առիթ չունի: Պարզ է, որ տանը փակված մարդու հաղորդակցման հմտությունները ցածր կլինեն: Այստեղ նա պետք է պարզապես վերցնի հեռախոսն ու զանգահարի այն հեռախոսահամարներով, որոնք հենց իր պես մարդկանց օգնելու համար են: Կարելի է դիմել որևէ հասարակական կազմակերպության, կառույցների, որոնք զբաղվում են այս խնդրով կամ հենց մեզ` հոգեբաններիս: Պետք չէ վախենալ, քանի որ այդ դեպքում համապատասխան աշխատանք կտարվի ընտանիքի անդամների հետ, հնարավորինս կբարձրացվի նրանց իրազեկության մակարդակը: Կազմակերպությունների, ակտիվ խմբերի հետ համագործակցությունը կարող է նոր կյանք սկսելու խթան հանդիսանալ,- նշում է հոգեբանը:

Ikin.am-ը խորհուրդներ տալ, բնականաբար, չի կարող, քանի որ յուրաքանչյուր դեպք առանձնահատուկ է, ու առանց խորքային պատճառներն իմանալու որևէ լուծման տարբերակ առաջարկելը գուցե սխալ կամ անարդյունավետ լինի: Առանձին հարցերի դեպքում պատրաստ ենք մեր աջակցությունը  տրամադրելու:

Սակայն մի բան հաստատ է՝ դուք եք ձեր անձի հանդեպ վերաբերմունք թելադրում: Փորձեք խաղաղ ճանապարհով ցույց տալ, որ կարող եք ինքնուրույն լինել, մասնագիտություն ձեռք բերել ու նաև աշխատել: Ձեր ընտանիքին ցույց տվեք, որ չեք ամաչում ձեր հաշմանդամությունից, քանի որ այն չի կարող ապրելու արգելք հանդիսանալ, իսկ ապրել` նշանակում է առաջ գնալ, արարել ու ձգտել ավելիին:

Անի Պետրոսյան

Հրապարակումը կատարվել է «Ամեն ինչ սկսվում է տեղեկատվությունից» ծրագրի արդյունքում,  որն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Ինչպե՞ս հաղթահարել ընտանիքում ստեղծված խոչընդոտները by Disabilityinfo on Mixcloud