Նախքան մայրանալը. զրույց հոգեբանի հետ

Յուրաքանչյուր կին մայրանալու իրավունք ունի: Այդ կարողությունը կնոջ՝ թերևս բնությունից ստացած գլխավոր պարգևն է: Հաշմանդամություն ունեցող կինը ևս իրավունք ունի, կարող է և պետք է մայրանա` շարունակելով մարդկության էվոլյուցիան:

Այլ հարց է, երբ հաշմանդամության որոշ տեսակների դեպքում հղիությունը կարող է դժվար ընթացք ստանալ, կամ երեխայի ծնունդից հետո կնոջ առողջությունը հնարավոր է՝ ավելի վատանա: Ուստի հղիանալու որոշումն ընդունելուց առաջ կինը պետք է այցելի բժշկի, խորհրդատվություն ստանա և մասնագետի օգնությամբ պատրաստվի կարևոր քայլին:

baby1Շատ կանայք հետ են կանգնում երեխա ունենալու որոշումից միայն այն վախերի պատճառով, թե հնարավոր է` երեխան ի ծնե հաշմանդամություն ունենա: Այս հարցը ևս պետք է քննարկել բժշկի հետ: Որևէ մեկն ապահովագրված չէ նման դեպքերից, սակայն կան հաշմանդամության տեսակներ, որոնց ժառանգաբար փոխանցման հավանականությունը մեծ է: Սակայն այս հանգամանքը ևս չպետք է կնոջը հետ պահի երեխա ունենալու որոշումից: Պարզապես պետք է պատրաստ լինել տարբեր իրավիճակներում հայտնվելու փաստին:

Կանայք երբեմն մտածում են, թե երեխան գիտակից տարիքում կամաչի մոր հաշմանդամությունից, իրեն մեկուսացած կզգա շրջապատում: Այս հարցերի շուրջ զրուցել ենք բժիշկ-հոգեբան, հոգեբանական գիտություների թեկնածու, «ԱՊԱԳԱ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի ղեկավար Արմեն Բեջանյանի հետ.

– Հղիությունից առաջ ցանկացած կնոջ խորհուրդ կտամ դիմել մասնագետի խորհրդատվությանը: Սա վերաբերում է և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական առողջությանը: Կինը պետք է հասկանա, թե ինչի՛ց է վախենում: Կամ արդյոք դա վա՞խ է, թե՞ տագնապ: Եթե տագնապ է, այսինքն՝ չկա վախի օբյեկտ, ապա մասնագետի հետ զրույցով էլ կարելի է կարգավորել իրավիճակը:

Եթե կանայք մտավախություն ունեն, որ երեխան բարդույթներ կունենա կամ հասարակությունից կմեկուսանա ծնողի հաշմանդամության հետևանքով, կարող եմ վստահեցնել, որ սխալվում են: Երեխաները երբեք չեն մեկուսանում: Երեխայի մեջ որևէ տագնապ կամ վախ չի լինում, մենք ենք դա նրանց մեջ ձևավորում: Երեխաները, ի տարբերություն մեծահասակների, այլընտրանքային պատասխաններ ու լուծումներ են տալիս իրավիճակներին: Նրանք կարողանում են իրականությունն ընդունել ու չխուսափել դրա աչքերին նայելուց: Սա նշանակում է, որ մեր քննարկած իրավիճակում մայրն է տագնապալի իրավիճակում ներկայանում երեխային իր հաշմանդամության պատճառով: Մայրերը չպետք է շեշտը դնեն իրենց հաշմանդամության վրա: Պետք է երեխային սովորեցնել, որ նորմալ է, եթե մայրը ոտք չունի, դժվար է քայլում, չի տեսնում և այլն: Երեխան պետք է գիտակցի, որ մարդիկ կարող են այդպիսին էլ լինել:

Իսկ առհասարակ, կանայք չպետք է վախենան մայրանալուց ու գիտակցեն, որ հղիանալը, ծննդաբերելը բնական պրոցեսներ են: Դրանցից վախենալ պետք չէ, պարզապես պետք է տեղեկացված լինել ու գիտակցաբար գնալ այդ քայլին: Նույն կերպ էլ պետք է դաստիարակել, խնամել բալիկին,- ասում է հոգեբանը:

Անի Պետրոսյան

Հրապարակումը կատարվել է «Ամեն ինչ սկսվում է տեղեկատվությունից» ծրագրի արդյունքում,  որն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Նախքան մայրանալը. զրույց հոգեբանի հետ by Disabilityinfo on Mixcloud