Լուսաբանում ենք վերարտադրողական առողջության հիմնախնդիրները

2014 թ. հուլիսի 1-ի դրությամբ` հանրապետությունում հաշվառված է հաշմանդամություն ունեցող 195.925 անձ, նրանց 13,9%-ը կազմում են երիտասարդ տարիքի (18-40 տարեկան) անձինք: Ամենամեծ խնդիրներից մեկը հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար Հայաստանում մնում է առողջապահական ծառայությունների անմատչելիությունը:

Ճարտարապետական խոչընդոտները, բուժաշխատողների տեղեկատվության պակասը, ընտանիքի վերաբերմունքը և առողջապահական ծառայությունների մասին տեղեկատվության պակասը շարունակում են պատճառ հանդիսանալ, որպեսզի հաշմանդամություն ունեցող երիտասարդները, կանայք և աղջիկները չստանան այնպիսի առողջապահական ծառայություններ, ինչպիսիք նախատեսված են մյուս անձանց համար: Խնդիրների վերհանման և դրանց լուծման համար զգալի դեր են կատարում լրատվամիջոցները:

200276512-001Ներկայացնում ենք մի քանի առաջարկ, հաշմանդամություն ունեցող երիտասարդների վերարտադրողական առողջության խնդիրներները լուսաբանելու համար:

  1. Մի խուսափեք հաշմանդամություն ունեցող երիտասարդների հետ խոսել սիրո, ընտանիքի, գեղեցկության և այն թեմաներից, որոնք արծարծում եք մյուս երիտասարդների հետ զրուցելիս:
  2. Կոտրեք այն կարծրատիպերը, ըստ որոնց հաշմանդամություն ունեցող երիտասարդները չեն կարող անձնական կյանք ունենալ, սեռական կյանքով ապրել և առողջ ընտանիք կազմել: Ներկայացրեք հաջողված պատմություններ:
  3. Ուսումնասիրեք` արդյոք երիտասարդների վերարտադրողական և սեռական առողջությանն ուղղված պետական ծրագրերը հասանելի՞ են նաև հաշմանդամություն ունեցող երիտասարդներին:
  4. Անդրադարձեք առողջապահական հաստատությունների և ծառայությունների մատչելիությանը, պարզելու, թե որքանով են ծառայությունները ներառական: Պարզեք` արդյոք երիտասարդները հաճախո՞ւմ են իրենց բնակավայրին մոտ գտնվող բժշկական հաստատություն:
  5. Հատուկ ուշադրություն դարձրեք հաշմանդամություն ունեցող կանանց: Խոսեք նրանց մայրանալու և ծնողավարության իրավունքի մասին: Ցույց տվեք դրական օրինակներ և հաղորդեք գործնական տեղեկություններ հաշմանդամություն ունեցող երիտասարդների մասին:
  6. Հատուկ ուշադրություն դարձրեք այն բանին, թե որտեղից են նրանք տեղեկություն ստանում վերարտադրողական առողջության մասին, որքանով են ընդգրկված կրթական ծրագրերում:
  7. Խնդրին անդրադարձեք իրավունքի տեսանկյունից, քանի որ վերարտադրողական առողջությունը և իրավունքը սերտորեն փոխկապված են: Այս իրավունքը մարդու հիմնարար իրավունքների շարքին է դասվում և պաշտպանվում է մի շարք օրենքներով և միջազգային նորմերով: Վերարտադրողական իրավունքը ճանաչում է մարդու ազատ և ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը՝ կապված իր վերարտադրողական առողջության հետ:
  8. Անդրադարձեք հաշմանդամություն ունեցող երիտասարդների սեռական առողջությանը, քանի որ վերարտադրողական առողջության պահպանման կարևորագույն մաս է կազմում նաև սեռական առողջությունը, որի նպատակն է կյանքի և միջանձնային հարաբերությունների բարելավումը, այլ ոչ միայն խորհրդատվությունները և բուժումը:
  9. Զրուցեք հաշմանդամության խնդրով մտահոգ հասարակական կազմակերպությունների հետ` պարզելու, թե ինչ առանձնահատուկ խնդիրներ կան, և ինչ լուծումներ են առաջարկում նրանք: Ներկայացրեք այս ոլորտի միջազգային փորձը, անդրադարձեք կատարված ուսումնասիրություններին և հետազոտություններին:

Զարուհի Բաթոյան

Հրապարակումը կատարվել է «Ամեն ինչ սկսվում է տեղեկատվությունից» ծրագրի արդյունքում,  որն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Լուսաբանում ենք վերարտադրողական առողջության հիմնախնդիրները by Disabilityinfo on Mixcloud