Պատրաստվելով մայրանալուն

Մեր նախորդ հրապարակումներից մեկում խոսեցինք մայրանալուց առաջ կանանց, հատկապես հաշմանդամություն ունեցողների վախերի և այն մասին, թե ինչպես ճիշտ պատրաստվել դրան: Այս անգամ շեշտը կդնենք բուն հղիության ու ծննդաբերության վրա:

Այն ամենը, ինչի մասին խոսելու ենք, կախված չէ կնոջ հաշմանդամության առկայությունից կամ տեսակից: Եթե կնոջ վերարտադրողական օրգաններն ախտահարված չեն, կամ չկան հղիանալու հակացուցումներ` այս բնական պրոցեսը կարող է տեղի ունենալ բոլոր այն կանանց մոտ, ովքեր սեռական կյանքով են ապրում:

Բեղմնավորում. Կնոջ օրգանիզմում դաշտանային ցիկլի ժամանակ երկու հորմոն է արտադրվում` ֆոլիկուլոխթանիչ հորմոնը (ՖՀԽ) խթանում է ձվաբջջի հասունացմանը, և լյուտեինացնող հորմոնը, որը նպաստում է ձվազատմանը: Հասունացող ֆոլիկուլը արտադրում է էստրոգեն հորմոն, և ձվազատումից հետո գոյանում է դեղին մարմին, վերջինս իր հերթին արտադրում է պրոգեստերոն հորմոն: Դաշտանային ցիկլի սկզբից մոտավորապես 2 շաբաթ անց տեղի է ունենում ձվազատում ` ձվարանից դուրս է գալիս հասուն ձվաբջիջ: Եթե սպերմատոզոիդը բեղմնավորում է ձվաբջիջը, ապա արգանդի լորձաթաղանթում առաջանում է հղիություն: Դա տեղի է ունենում ֆալոպյան փողի մեջ, որը ձվարանը միացնում է արգանդին: Հղիության առաջին շաբաթներին արգանդի վզիկն ուռչում է, փափկում, և նրա ներսում առաջանում է լորձային թանձր խցան, որը խանգարում է վարակի` արգանդի մեջ թափանցելուն:

Կանանց համար բեղմնավորման հավանական սկիզբը դաշտանային ցիկլի մեջտեղն է, այսինքն` հաջորդ ցիկլից երկու շաբաթ առաջ: Այդ օրվանից հաշված` հղիությունը տևելու է 280 օր կամ 40 շաբաթ: Այսպիսով հնարավոր է հաշվել ծննդաբերության հավանական օրը` դաշտանային վերջին ցիկլի սկզբնական օրվան գումարելով 280 օր:

Pregnant-WomanՀղիություն. Որպես կանոն՝ հղիությունը տևում է 9 ամիս, սակայն երեխան կարող է նաև լույս աշխարհ գալ 7-րդ կամ 8-րդ ամսում:

Այս ամիսների ընթացքում կնոջ օրգանիզմին հավելյալ սնունդ և ուժ են հարկավոր, ուստի պետք է սնունդն ավելի առողջ լինի, վիտամիններով հարուստ: Հայտնի է, որ կանայք հատկապես կալցիումի պակաս են ունենում հղիությունից հետո: Սրանից խուսափելու համար փորձեք ավելի շատ կալցիումով հարուստ սնունդ ընդունել, որպեսզի երեխայի ծննդից հետո ատամների կամ հոդերի խնդիր չունենաք: Կանայք առողջ բալիկ ունենալու համար պետք է հրաժարվեն ալկոհոլից, ծխախոտից, դեղահաբերի ընդունումից և մյուս վնասակար սովորություններից: Եթե ձեր հաշմանդամության պատճառով մշտական հաբեր եք ընդունում, ապա հղիանալուց հետո անպայման խորհրդակցեք բժշկի հետ՝ դրանց հետագա ընդունման համար:

Եթե կարողանում եք քայլել և չունեք քիչ քայլելու ցուցում, ապա հղիության ընթացքում հնարավորինս շատ շարժվեք, զբոսնեք: Սա կմարզի ձեր մկանները, և ծննդաբերության ժամանակ խնդիրներ չեն լինի:

Եթե հենաշարժական խնդիրներ ունեք, ապա հղիության ժամանակ հնարավորինս զգույշ շարժվեք: Քայլելիս հաճախ կանգ առեք, հանգստացեք ու շարունակեք ճանապարհը: Եթե վերջին ամիսներին երեխայի ծանրության պատճառով չեք կարողանում տեղաշարժվել, ապա կարող եք որոշ ժամանակ սայլակից օգտվել: Այդպես ավելի ապահով կլինեք:

Հղիությունը հեշտ չէ որևէ կնոջ համար: Այն յուրօրինակ է բոլորի մոտ, ու ամեն մեկը յուրօրինակ բարդություններ է ունենում: Հաշմանդամություն ունեցող կանանց պարագայում ամեն ինչ մի փոքր ավելի բարդ է, քանի որ մի խնդիր արդեն կա: Սա, սակայն, չի նշանակում, որ պետք է հետ կանգնել մայրանալու որոշումից: Պետք է պարզապես տեղեկացված լինել ու հետևել բժիշկների խորհուրդներին:

Անի Պետրոսյան

Հրապարակումը կատարվել է «Ամեն ինչ սկսվում է տեղեկատվությունից» ծրագրի արդյունքում,  որն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Պատրաստվելով մայրանալուն by Disabilityinfo on Mixcloud