Ծննդաբերություն

Ծննդաբերությունն ակամա վախ է ներշնչում բոլոր կանանց, քանի որ բարդ, ցավագին պրոցես է ենթադրում: Սակայն պետք է մի կողմ դնել բացասական հույզերը, վախերն ու տագնապները, հավատալ սեփական ուժերին, բժիշկներին ու պատրաստ լինել ժպտալու այն փոքրիկին, ում 9 ամիս կրել եք ձեր կրծքի տակ:

1. Ծննդաբերությունից 2-3 շաբաթ առաջ արգանդի հատակը իջնում է, քանի որ իջնում է պտղի առաջադիր մասը, ստոծանու վրա ճնշումը թուլանում է, և կինն ավելի հանգիստ և ազատ է շնչում:

Պտղի առաջադիր մասն իջնում է դեպի կոնքամուտքը: Առաջնածինների մոտ առաջադիր մասը ֆիքսվում է կոնքամուտքում:

2. Ծննդաբերությունից առաջ արգանդի պարանոցը նույնպես նախապատրաստվում է ծննդաբերությանը: Սա արգանդի պարանոցի հասունությունն է, այսինքն` արգանդի պարանոցը խիստ փափկում է, քիչ կարճանում են և պարանոցի բացվածքը դասավորվում է կենտրոնական` կոնքի հաղորդակից առանցքի ուղղությամբ:

3.Կանանց որոշ մասը որովայնի ստորին մասի և սրբանի շրջանում զգում է դեպի ցած ձգող ցավեր:

mothers4. Լինում են արգանդի մկանների ոչ ռեգուլյար, ոչ պարբերական կծկանքներ, որոնց շնորհիվ արգանդի պարանոցի լուսանցքը բացվում է, և պարանոցից դուրս է գալիս լորձային կամ, այսպես կոչված, կրիստելերյան խցանը:

Ծննդաբերությունը համարվում է սկսված, երբ կան արգանդի մկանների կանոնավոր, պարբերաբար կրկնվող կծկումներ, որոնք կոչվում են կծկանքներ:

Ծննդաբերության շրջանները

Տարբերում են ծննդաբերության երեք շրջան

1.Առաջին շրջանը արգանդի պարանոցի բացման շրջանն է, որը սկսվում է արգանդի մկանների ռիթմիկ, պարբերաբար կրկնվող կծկումներով և ավարտվում է արգանդի պարանոցի լրիվ` 10-12 սմ բացումով: Ծննդաբերության առաջին` բացման շրջանը առաջնածինների մոտ տևում է 15-18 ժամ, իսկ կրկնածինների մոտ` 6-9 ժամ:

2. Ծննդաբերության երկրորդ շրջանը արտամղման շրջանն է, որը սկսվում է արգանդի պարանոցի լրիվ բացումով և ավարտվում է պտղի ծնվելով: Առաջնածինների մոտ այն տևում է 1-2 ժամ, իսկ կրկնածինների մոտ` 30-60 րոպե:

3. Ծննդաբերության երրորդ շրջանը ընկերքային շրջանն է, որը սկսվում է պտղի ծնվելուց հետո և ավարտվում ընկերքի ծնվելով:

Կեսարյան հատում

Այն կանայք, ովքեր չեն ցանկանում բնական ճանապարհով երեխա ունենալ, այս մեթոդին են դիմում: Վիրահատական այս մեթոդը օգտագործվում է նաև այն դեպքում, երբ կնոջ օրգանիզմը չի կարող բնական ծննդաբերությանը դիմանալ: Հաշմանդամության որոշ տեսակների դեպքում ևս կանայք այս տարբերակով են երեխա ունենում: Նախքան հղիանալը պետք է բժշկի հետ խորհրդակցել ու պարզել, թե ինչ ճանապարհով է պետք երեխային լույս աշխարհ բերել, եթե կինը հաշմանդամություն ունի:

Վիրահատությունը երկու տեսակի է`ընդհանուր կամ տեղային ցավազրկման միջոցով: Ընդանուր ցավազրկման ժամանակ կինը քնում է, և ամեն ինչ կատարվում է առանց նրա մասնակցության: Տեղայինի ժամանակ մայրն ամեն ինչ չէ, որ զգում է, սակայն ամեն ինչ տեսնում է: Տեղային ցավազրկումը կոչվում է էպիդուրալ կամ սպինալ: Կինը մարմնի ներքևի մասում ցավ չի զգում, ցավազրկումը այս դեպքում կատարվում է ողնուղեղից, և այն սկսում է ազդել մոտ 20 րոպե հետո: Երեխայի վրա այս ներարկումը ոչ մի ազդեցություն չի թողնում: Վիրահատությունից հետո դնում են կարերը, ինչը տևում է ընդամենը 20 ր: Կարերի համար օգտագործում են վիկրիլը, որը ժամանակի ընթացքում ներծծվում է, և կարերը հանելու անհրաժեշտություն չի լինում: Վիրահատությունից հետո չի կարելի երկար պառկել:

Անի Պետրոսյան 

Հրապարակումը կատարվել է «Ամեն ինչ սկսվում է տեղեկատվությունից» ծրագրի արդյունքում,  որն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Ծննդաբերություն by Disabilityinfo on Mixcloud