…Երբ երեխա ես ունենում

Յուրաքանչյուր կին մայրանալուց առաջ որոշակի հարցականների է հանդիպում ապագայի մասին մտածելիս: Երբեմն խնդիրն ավելի է բարդանում, երբ հարցը վերաբերում է հաշմանդամություն ունեցող կնոջ մայրանալուն: Ինչպե՞ս խնամել փոքրիկին, ինչպե՞ս լիարժեք ապահովել նրա պահանջները, որ նա որևէ բանի կարիք չունենա:

Երբ երեխա ես ունենում..«Երեխայիս խնամքի հարցում ինձ սկեսուրս է օգնում: Ես չեմ լսում, երբ երեխաս լալիս է, ու սկեսուրս զգուշացնում է ինձ, որ աղջիկս արթնացել է կամ լաց է լինում: Քանի որ նրա ձայնը չեմ լսում, առավել ուշադիր եմ, երբ քնած է: Սկեսուրս ամբողջ օրը տանը չէ, ու ինքս էլ կարողանում եմ հոգ տանել բալիկիս մասին: Նրա խնամքը միասին ենք տանում, բայց ինքս էլ ամեն ինչ միայնակ կարողանում եմ անել: Մարին հիմա արդեն 2 տարեկան է ու որոշ ժեստերի է տիրապետում, սակայն առանց դրանց էլ կարողանում ենք հասկանալ միմյանց: Ինչ-որ բան ցանկանալու դեպքում նա թաթիկով ցույց է տալիս կամ ինձ տանում այդ ուղղությամբ: Նա դեռ փոքր է ու վատ է խոսում, բայց վստահ եմ, որ հետո էլ կհասկանանք իրար»:

Գոհար

«Նարեկը դեռ 1 տարեկան չկա, ու մայրիկիս օգնությամբ եմ հոգում նրա կարիքները, խնամում տղայիս: Երբ Նարեկը նոր էր ծնվել, մի փոքր վախենում էի նրան միայնակ լողացնելուց, շոր հագցնելուց: Այդ ժամանակ մայրս սկսեց օգնել ինձ: Մինչև տղայիս ծնվելն ինքս շատ եմ օգնել քույրերիս, հարևանուհիներիս ու վստահ եմ, որ կարող եմ Նարեկի ամբողջ խնամքն ինձ վրա վերցնել: Սկզբում վախենում էի, որ կվնասեմ կամ սխալ շարժում կանեմ նրան լողացնելիս: Սայլակը մի փոքր խանգարում է այս հարցում, անհարմարություններ են առաջանում լոգարանում, բայց խնդիրը մայրիկիս օգնությամբ լուծելի դարձավ: Երբ Նարեկը մի փոքր էլ մեծանա, արդեն չեմ վախենա նրան բռնել ջրի մեջ, քանի որ նա արդեն ավելի ամրացած կլինի»:

Նելլի

«Ես տեսողության խնդիր ունեմ, ու դա որոշակիորեն ավելի է մեծացնում ուշադրությունս երեխայի նկատմամբ: Տղաս 6 ամսական է, ու ես ամուսնուս մայրիկի ու քույրիկի օգնությամբ եմ մեծացնում նրան: Նրանք են օգնում լողացնելիս, հագուստը կամ տակդիրը փոխելիս, բայց պետք է ասեմ, որ արդեն շատ բան կարողանում եմ ինքնուրույն անել: Երբ բալիկս նոր էր ծնվել, վախենում էի, քանի որ անփորձ էի ու չէի ցանկանում վնասել նրան: Հագուստը փոխելիս զգույշ եմ լինում ու շոշափելով կարողանում եմ կատարել առաջադրանքս: Քանի որ տղաս միայն կաթով է սնվում, կեղտոտելիս հոտ չկա, ու պարզապես ուշադիր եմ լինում, փորձում եմ ձեռքով շոշափել, որ փոխեմ տակդիրը: Բարդ բան չկա, քանի որ կույրերի դեպքում շատ զարգացած են մյուս զգայարանները, ու շոշափելիքը որոշ չափով կատարում է տեսողության դերը: Մի բան կա` երբ երեխա ես ունենում, ինքնաբերաբար կարողանում ես ամեն ինչ էլ անել»:

Աստղիկ

Նախ հիշիր, որ շատ բան արդեն հաղթահարել ես մայրանալով: Դու ուրիշ չես ու բոլորի պես պետք է ինքդ հոգ տանես երեխայիդ մասին, սակայն բոլոր սկսնակ մայրերի պես դու էլ աջակցության կարիք կունենաս: Վստա՛հ եղիր, որ միշտ կգտնվի մեկը, ով քեզ հետ կկիսի այդ բարդությունները: Պետք է հիշել, որ որևէ մեկի (մայր, քույր, սկեսուր, հարևանուհի, ընկերուհի) օգնությունն ընդունելով՝ դու չես նվազեցնում քո ու երեխայի կապը, դա բոլորովին չի նշանակում, որ վատ մայր ես կամ քո երեխային կիսում ես օգնականիդ հետ:
Եթե սայլակ ես օգտագործում, սկզբնական շրջանում գուցե բարդ լինի նրան լողացնելը: Այդ փաստը սակայն հուսահատվելու առիթ չպետք է դառնա, քանի որ բոլոր սկսնակ մայրերն էլ որևէ մեկի օգնության կարիքն ունեն փոքրիկին լողացնելիս: Փոքրիկին լողացնելիս անմասն չմնալու համար կարող ես օգնել նրան՝ օճառել կամ ջուրը լցնել: Կարող է որևէ մեկը նրան պահել ջրում, որ ինքդ լողացնես նրան: Սայլակ օգտագործելու դեպքում գուցե որոշակի բարդություններ առաջանան նաև երեխայի շորերը հանել-հագցնելիս: Նրան ձեզ հավասար մակարդակի վրա պառկեցրեք, որպեսզի շատ առաջ չգնաք ու սայլակից չընկնեք:
Եթե լսողության խնդիր ունես, ապա ավելի ուշադիր եղիր նրա ժեստերին, դեմքի միմիկային ու շարժումներին: Փորձի՛ր նրան քնեցնելուց հետո չհեռանալ սենյակից կամ հաճախ մտիր սենյակ` համոզվելու համար, որ նա քնած է: Օգնականին խնդրի՛ր, որ նա ավելի ուշադիր լինի երեխայի ձայնի նկատմամբ ու տեղյակ պահի, երբ փոքրիկն սկսում է լաց լինել: Լսողության խնդիր ունեցող կանանց թերևս առաջնային բարդությունը հենց դա է, սակայն անհաղթահարելի խնդիր չէ, քանի որ մայրական բնազդը ցանկացած դեպքում կառաջնորդի քեզ: Ժամանակի ընթացքում կսովորես նրա քնի ռեժիմին ու ավելի հեշտ կլինի վերահսկել նրա քունը:
Կույր կանանց համար առաջնային խնդիր թերևս երեխայի հիգիենայի պահպանումն է, հագուստը փոխելիս չվնասելը: Բնական է, որ անգամ երեխայի խնամքը քեզ հետ կիսող ունենալու դեպքում բաներ կան, որ միայն ինքդ պետք է անես: Առաջին ամիսներին կարող ես երեխային կողքիդ քնեցնել, որպեսզի նրա շարժումներից զգաս՝ արդյոք ծածկվա՞ծ է, թե՞ ոչ:
Եթե այնուամենայնիվ դժվարություններ ունես նորածին բալիկիդ խնամելու հարցում, ու չկա որևէ մեկը, ում կարող ես ապավինել, դիմի՛ր ձեր տեղամասի բուժքրոջը, այն կազմակերպություններին, որոնք զբաղվում են մայրերի կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով: Բոլոր դժվարությունները ժամանակավոր են, քանի որ երեխաներն այնքա՜ն արագ են մեծանում:

Անի Պետրոսյան

Հրապարակումը կատարվել է «Ամեն ինչ սկսվում է տեղեկատվությունից» ծրագրի արդյունքում, որն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

…Երբ երեխա ես ունենում by Disabilityinfo on Mixcloud