Ինչպես ապահովել առողջապահական ծառայությունների ներառականությունը

Հայաստանի Հանրապետությունում ապրում է հաշմանդամություն ունեցող 195.925 մարդ, որից 93.134-ը` կին: Մեր երկիրը 2010 թ. հոկտեմբերին վավերացրել է Միավորված ազգերի կազմակերության Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան, որն առանձին հոդվածով անդրադառնում է հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների իրավունքներին` պարտավորեցնելով մասնակից պետություններին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի ապահովեն կանանց լիակատար զարգացումը, առաջխաղացումը և հնարավորությունների մեծացումը` նպատակ ունենալով երաշխավորել նրանց` սույն Կոնվենցիայում ամրագրված` մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների իրականացումն ու դրանցից օգտվելը (ՄԱԿ-ի Կոնվենցիա, հոդված 6):

5Իսկ ահա Կոնվենցիայի 25-րդ հոդվածում նշվում է, որ մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք մատչելի կերպով օգտվեն առողջապահական այնպիսի ծառայություններից, նաև` առողջության վերականգնողական միջոցներից, որոնք հաշվի են առնում գենդերային առանձնահատկությունները:

Տարեցտարի հայաստանյան կլինիկաները և հիվանդանոցները համալրվում են նոր սարքավորումներով, ծրագրերով, որոնք սակայն հատուկ ուշադրություն չեն դարձնում հաշմանդամություն ունեցող անձանց վերարտադրողական և սեռական առողջության պահպանմանը: Պետական և հասարակական կազմակերպություններն իրականացնում են բազմաթիվ տեղեկատվական ծրագրեր և արշավներ, որոնք սակայն անհասանելի են տարբեր խնդիրներ ունեցող երիտասարդներին:
Չկան մատչելի շենքեր և բժշկական կաբինետներ տեղաշարժման դժվարություններ ունեցող կանանց համար, բացակայում է համապատասխան գրականությունը կամ թարգմանությունը լսողության և տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար, ինչպես նաև իրազեկությունը բուժաշխատողների շրջանում՝ հաշմանդամության խնդրի մասին: Մինչդեռ ներառական մոտեցումը բացառում է որևէ խտրականություն մարդկանց նկատմամբ, ապահովում է հավասար վերաբերմունք բոլորի հանդեպ:

Առողջապահական ծառայությունները հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի դարձնելու համար անհրաժեշտ է ձեռնարկել հետևյալ միջոցները`

  • բժշկական հաստատություններում ստեղծել մատչելի ֆիզիկական միջավայր անարգել տեղաշարժվելու և բոլոր ծառայություններից օգտվելու համար.
  • բժշկական հաստատությունը զինել հատուկ սարքավորումներով, որոնք կհեշտացնեն հենաշարժական խնդիր ունեցող անձանց սպասարկումը.
  • բարձրացնել բժշկական հաստատության աշխատակիցների իրազեկությունը հաշմանդամություն ունեցող անձանց հետ շփվելու և սպասարկելու էթիկայի վերաբերյալ ընդհանուր գիտելիքներով` վերապատրաստումների ընթացքում առանձին մաս հատկացնելով այդ թեմային.
  • բոլոր բուժհաստատություններում ստեղծել հեռակա գրանցման համակարգ, որը կներառի ինֆորմացիա անձի հաշմանդամության և հատուկ կարիքի մասին և հնարավորություն կտա բուժհաստատություններին նախապես պատրաստվելու հաշմանդամություն ունեցող անձին սպասարկելու համար.
  • ունենալ սուրդոթարգմանչի ծառայություն` անհրաժեշտության դեպքում խուլ կամ լսողության խնդիր ունեցող կանանց բուժզննման կամ խորհրդատվություն տրամադրելու համար.
  • ստեղծել համապատասխան տեղեկատվական նյութեր տեսողության խնդիրներ ունեցող կանանց համար (բրայլյան համակարգով, խոշոր տառատեսակով կամ աուդիոգրքերով).
  • գործնականում ապահովել հաշմանդամություն ունեցող երիտասարդների անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրավունքի իրականացումը՝ առանց խտրականության կամ կամայականության դրսևորման.
  • բարձրացնել հաշմանդամություն ունեցող երիտասարդների իրազեկությունը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական ծառայությունների վերաբերյալ:

Հրապարակումը կատարվել է «Ամեն ինչ սկսվում է տեղեկատվությունից» ծրագրի արդյունքում, որն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Ինչպես ապահովել առողջապահական ծառայությունների ներառականությունը by Disabilityinfo.Am on Mixcloud