Կլինիկաների ֆիզիկական հասանելիության մասին

Շենքի, տեխնիկայի, տեղեկատվական նյութերի համընդհանուր ձևավորումը հնարավորություն է տալիս հաշմանդամություն ունեցող անձին լիարժեք օգտվելու միջավայրային այն հնարավորություններից, որոնցից օգտվում են ախտորոշված ֆունկցիոնալ խանգարում չունեցող անձինք:

img_kv_healthcare_02Համընդհանուր ձևավորումը նշանակում է` ապրանքների, միջավայրերի, ծրագրերի ու ծառայությունների ձևավորում, որը դրանք առավելագույնս գործածելի է դարձնում բոլոր մարդկանց համար` առանց դրանց հարմարվելու կամ հատուկ ձևավորման անհրաժեշտության: Համընդհանուր ձևավորումն ընդգրկում է հաշմանդամություն ունեցող անձանց որոշակի խմբերի համար նախատեսված օժանդակող պարագաները դրանց անհրաժեշտության դեպքում:

Շենքի հարթ մուտքը, թեքահարթակը, հատակի ռետինե բաժանարարները, լայն մուտքով և խոսող վերելակը, Բրայլի այբուբենով հասանելի նյութերը, աղետի դեպքում թարթող ազդարարը այն նվազագույն հարմարեցումներն են, որոնք օգնում են հաշմանդամություն ունեցող անձին հաղթահարելու ֆիզիկական և զգայական միջավայրային խոչընդոտները:

«Վերարտադրողական առողջության ծառայությունների ներառականությունն ու հասանելիությունը հաշմանդամություն ունեցող կանանց համար Հայաստանում» հետազոտության համաձայն բժշկական հաստատությունների ֆիզիկական մատչելիությունը բնութագրելիս հաշմանդամություն ունեցող կանանց և վերջիններիս հարազատների ամենահավանական պատասխանն է` «Ավելի շուտ անմատչելի է, քան մատչելի»: Չնայած դրան հաշմանդամություն ունեցող աղջիկները և կանայք ֆիզիկական անմատչելիությունը հաղթահարում են մի շարք ձևերով: Նախ` նրանց օգնում են հարազատները, սուրդոթարգմանիչները կամ նույնիսկ անծանոթները:

«Ես առանց թարգմանչի հիվանդանոց չեմ գնում»:
Գոհար, ք. Երևան

«Եթե ծնողներս ինձ չօգնեն, ես ինքս չեմ կարող գնալ այդ հիվանդանոց»:
Մարիամ, գ. Չինչին

«Մի անգամ հիվանդանոց եմ մուտք գործել միայն պատահական անցորդների օգնությամբ:
Լուիզա, ք. Երևան

Դիտարկումներին մասնակցած կանայք և աղջիկները, որպես կանոն, հայտնել են համընդհանուր ձևավորման բացերի և օժանդակ անձի օգնության անհրաժեշտության մասին: Մինչդեռ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին» ՀՀ օրենքը հստակ ամրագրում է բժշկական խորհրդատվություն և ծառայություններ սեռական և վերարտադրողական առողջության հարցերի շուրջ` մեկուսի ու գաղտնի պայմաններում ստանալու իրավունքը (հոդված 4.5):

Կինն իրավունք ունի առանց ընկերների և հարազատների այցելել բժշկի, հատկապես երբ խոսքը իր վերարտադրողական առողջության մասին է, ինչպես նաև վերջինս չպետք է կախված լինի պատահական անցորդների քմահաճությունից:

«Քանի որ սեղանը բարձր էր, ես էլ անվասայլակի վրա էի, ես և ընդունարանի աշխատողը իրար չէինք տեսնում, միայն լսում էինք»:
Աննա, ք. Երևան

Միջավայրի ֆիզիկական և զգայական անմատչելիությունը ստիպում է հաշմանդամություն ունեցող անձին զգալ սեփական` հաղորդակցվելու հնարավորությունների սահմանափակությունը այն դեպքերում, երբ խնդիրը միանգամայն ենթակա է կարգավորման համընդհանուր ձևավորման կանոնների պահպանմամբ:

Հրապարակումը կատարվել է «Ամեն ինչ սկսվում է տեղեկատվությունից» ծրագրի արդյունքում, որն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։