Ընկերուհիս ամուսնացել է և իմ ժամանակը չունի

Երևի մայրիկդ քեզ էլ ասած կլինի, որ հավերժ ընկերուհիներ հազվադեպ են լինում, որ միևնույն է` մի օր յուրաքանչյուրն իր ընտանիքի հոգսերով է տարվում ու հեռանում ընկերներից: Մայրիկիդ կյանքի փորձը, իհարկե, չի կարող սխալ լինել, սակայն կարելի է այնպես անել, որ ընկերուհիդ ամուսնանալուց հետո քեզ ևս ժամանակ տրամադրի: Ինչպե՞ս` մենք կօգնենք քեզ հասկանալ, թե ինչ անես, որ ընկերուհիդ ամուսնուց, խոհանոցից ու անվերջանալի տնային գործերից բացի քեզ հետ նախկինի պես բամբասելու ժամանակ ունենա:

21– Ես ու ընկերուհիս, չեմ էլ հիշում` երբ և ինչպես ենք ծանոթացել: Ինձ որքան հիշում եմ` ամեն ինչ նրա հետ է կապված, միասին ինչեր ասես չենք արել: Միասին դպրոց էինք գնում, միասին դաս սովորում, թափառում բակում ու երեկոյան գիրք վերցնելու կամ տալու պատրվակով մի անգամ էլ էինք հանդիպում, ամփոփում օրն ու առավոտյան նորից միասին էինք: Մենք բոլոր մտերիմ ընկերուհիների պես էինք, ամեն ինչ միասին էինք կիսում ու միասին ձեռք բերում: Միայն թե մի հարցում երկուսիս բախտն էլ բերել է` երբեք նույն տղային չենք սիրահարվել, նա մի տարով ինձնից մեծ էր: Երբեմն մեծական խորհուրդներ էր տալիս, արգելում այս կամ այն բանը: Տարիներն անցան, ու ընկերուհիս իսկապես մեծացավ` ամուսնացավ: Երբ դեռ ընկերություն էր անում ամուսնու հետ, ասում էի` կգնա ու ինձ կմոռանա… Առարկում էր` չի կարող նման բան լինել:

Նրանց հարսանիքին աշխարհն իմն էր`ընկերուհիս երջանիկ էր: Մի քանի օր անց, երբ հանդիպեցինք, արդեն առաջին փոփոխությունը նկատեցի: Միայն ընտանեկան խնդիրներից էր խոսում` ամուսնուց ու սկեսրոջից: Իմ աշխատանքի մասին ոչինչ չհարցրեց: Ես սկսեցի պատմել, լսեց ու վերադարձավ ամուսնու թեմային: Հիմա էլ արդեն երկու ամիս է, ինչ Ռուսաստանում են: Մինչև գնալն ասում էր, որ skype-ով օր ու գիշեր կխոսենք, ու չեմ հասցնի կարոտել: Այս ընթացքում երեք անգամ ենք խոսել: Միշտ ես եմ զանգել…

Գայանե Մինասյան, 22 տարեկան

Գայանեի պատմությունը մեզ առիթ տվեց, որ հուշենք քեզ` ինչպե՞ս չհեռանալ մտերիմ ընկերուհուց նրա ամուսնությունից հետո:

Գաղտնիք չի լինի, եթե ասենք, որ հաշմանդամություն ունեցող աղջիկները կա´մ ուշ են ամուսնանում, կա´մ էլ երբեք սեփական ընտանիք չեն կազմում: Դրա համար էլ, երբ մտերիմ ընկերուհիներն ամուսնանում են, նրանք իրենց անտեսված կամ օտարացած են զգում: Եթե անգամ այդպես է, ուրեմն ձեռքերդ ծալած մի´ նստիր ու մի´ թող, որ կենցաղը բաժանի քեզ ամենահարազատ ընկերոջիցդ:

Եթե ընկերուհիդ ամուսնացել է ու նախկինի պես ժամանակ չի անցկացնում քեզ հետ, փորձի´ր մի քիչ նրա կյանքով ապրել: Նախ` մի´ խուսափիր ընտանեկան հարաբերություններից հարցնելուց, խոսի´ր ամուսնու հետ հարաբերություններից: Մի´ կաշկանդվիր, քանի որ դրա իրավունքը վաստակել ես ձեր տարիների շփման շնորհիվ: Նա նորահարս է, ու հաստատ նոր կյանքը լի է բացահայտումներով: Խոսի´ր, քննարկի´ր նրա հետ այդ հարցերը: Հաստատ քեզ հետագայում պետք կգան նրա խորհուրդներն ու փորձը, երբ ինքդ այդ կյանքով սկսես ապրել:

Երբ նրան հյուր ես գնում, օգնի´ր տնային գործերում, եթե անգամ արածդ ընդամենը սոխ մաքրել է: Ընկերուհիդ իրեն շոյված կզգա ու կհասկանա, որ նախկինի պես փորձում ես կիսել իր հոգսը: Մտերմացի´ր նաև ամուսնու հետ: Տարբերակներից մեկը երեկոյան զբոսանքներն են: Ասա, որ ուզում ես ուղեկցեն քեզ: Ընթացքում ամուսինն էլ կզգա, որ երբ ընկերուհիդ ժամերով ձեր տանն է կամ հեռախոսով եք խոսում, դու արժանի ես այդ ուշադրությանը: Նրանց հետ խոսի´ր իրենց ապագա ծրագրերից, երեխաներից ու ասա, որ երբ փոքրիկը ծնվի, դու որպես մորաքույր կխնամես նրան, ու եթե հարկ լինի` կարող ես նաև տանը մնալ ու նրան պահել:

Ընկերուհուդ նախկինի պես պատմիր քո անձնականից, խորհուրդներ հարցրու, երբեմն նաև բամբասիր ձեր ընդհանուր ծանոթներից, դասընկերներից: Երբեմն խնդրի´ր, որ օգնի քեզ այս կամ այն հարցում, ուղեկցի գնումների կամ վարսահարդարի մոտ գնալ, այցելել բժշկիդ: Երբեք մի´ ասա, որ ամուսնացել ու մոռացել է քեզ: Կարող է քեզ սխալ հասկանալ ու ավելի քիչ շփվել: Պարզապես հիշեցրո´ւ ձեր արկածների ու միասին անցկացրած հիանալի պահերի մասին: Հաճա´խ նրա հետ թերթիր պատանեկան հուշատետրերն ու ընդհանուր լուսանկարների ալբոմները:

Իսկ եթե ընկերուհիդ Գայանեի ընկերուհու պես հեռացել է երկրից, ապա հաճա´խ շփվիր, զանգահարի´ր: Պատմի´ր գործերիցդ, այն փոփոխություններից, որ նրա բացակայության ժամանակ են տեղի ունեցել: «Ֆեյսբուքով» երբեմն նշիր նրան ձեր սիրած երգը տարածելիս կամ ընդհանուր նկարների վրա: Դա կօգնի, որ ընկերուհիդ չմոռանա ձեր անցյալը, ու ձեզ կապող առիթներն էլ չեն վերանա: Ասա´, որ նրա կարիքն ունես ու կարոտել ես այն ամենին, ինչ միասին էիք անում:

Այս ամենից բացի դու էլ պետք է քո մեջ ուժ գտնես ու աղջկական խանդդ մի քիչ զսպես: Քեզ համար, իհարկե, անսովոր է, որ կիսում ես նրան այլ մարդու հետ, բայց ուրա´խ եղիր ընկերուհուդ երջանկության ու հաջողությունների համար: Եթե մի քանի օր չեք հանդիպում կամ չի զանգահարում, միանգամից մի´ նեղացիր, չէ՞ որ ընտանիք պահելն այնքան էլ հեշտ չէ երիտասարդ կնոջ համար: Կանցնի որոշ ժամանակ, ու նրա համար այդ ամենն արդեն սովորական կլինի ու կկարողանա ժամանակն արդյունավետ տնօրինել: Ընկերուհուդ ամուսնությունից շատ օգտակար բաներ կարող ես քաղել, նա քեզ համար օրինակ կլինի` ապագա ընտանիքդ կառուցելու համար:

Անի Պետրոսյան