Խոսի՛ր այդ մասին…

Գաղտնիք չէ, որ համացանցային ծանոթություններն մեր օրերում ավելի ակտուալ են: Այդպես կարծես հարմար է, հասանելի: Այս անգամ անդրադառնալու ենք հակառակ սեռի հետ ծանոթություններին ու նրանց քո հաշմանդամության մասին տեղեկացնելուն:

bigstock_chat_8892221Վիրտուալ հարթակում ծանոթանալիս մեծ է վտանգը, որ իրական հանդիպման ժամանակ ամեն ինչ այլ զարգացում կունենա, չէ՞ որ իրական շփումը մարդուն ճանաչելու ավելի մեծ հնարավորություն է տալիս:
Համակարգչի էկրանը դժվար թե թույլ տա տարբերել կեղծն ու անկեղծը: Այն թաքցնում է նաև քո հաշմանդամությունը: Սակայն եթե տեսանելի հաշմանդամություն ունես, ու տեղադրածդ լուսանկարները թույլ են տալիս նկատել դա, ապա կարող ես չանհանգստանալ ու չանդրադառնալ թեմային: Եթե քեզ հետ ծանոթացած տղան կարծրատիպեր ունենար, որևէ քայլ չէր անի քեզ մոտենալու համար:

Եթե քո հաշմանդամությունը տեսանելի չէ, ապա մի քանի օր շփվելուց հետո կարող ես պարզապես պատմել նրան այդ մասին, բայց զգույշ, որ չվախեցնես, չվանես նրան: Բացառիր նաև «հետդ կարևոր խոսակցություն ունեմ» արտահայտությունը. տղաները չեն սիրում այդ նախադասությունը, անկախ նրանից, թե ինչի մասին է խոսքը:

Մի օր, երբ սովորականի պես կզրուցեք, առանց որևէ նախազգուշացման կարող ես ասել, որ հաշմանդամություն ունես, պատմել այն մասին, թե ինչպես ես այն ձեռք բերել կամ ինչ դժվարություններ ունես, բայց՝ հասկանալի և մատչելի լեզվով, ոչ երբեք բժշկական տերմիններով:

Պատրա՛ստ եղիր, որ նա կշփոթվի, գուցե անսպասելի արձագանքի կամ հարցերի տարափ տեղա: Հնարավոր է՝ միանգամից խղճահարության նշաններ զգաս, կամ միանգամից սկսի քեզ մխիթարել: Հանգիստ եղիր ու փորձիր հասկանալ նրան, չէ՞ որ անսպասելի հայտարարություն ես արել: Բոլոր հարցերին պատասխանիր, բացատրիր, որ հաշմանդամությունդ քեզ չի խանգարում ապրել, որ պարզապես որոշ բաներ այլ կերպ ես անում կամ այլ միջոցներ ես գտնում բոլորի նման քո կյանքը դասավորելու համար:

Նրան ցույց տուր, որ քո տարբերություններով հանդերձ չես դադարում կին լինելուց: Հնարավոր է` նա միանգամից չընկալի կատարվածը, ու ժամանակ պետք լինի մտքերը կարգավորելու համար: Տո՛ւր նրան այդ ժամանակը, բայց ուղղակիորեն չասես, որ ժամանակ ես տալիս մտածելու համար, կամ հետագա շփման մասին խոսք չբացես: Երբ պատմես, վերջացնես, պատասխանես նրա հարցերին, ասա, որ գործեր ունես ու ավելի ուշ նորից կարող ես ժամանակդ համացանցին նվիրել:

Եթե, այնուամենայնիվ, նա չկարողանա այդ փաստն ընդունել, ինչքան էլ ծանր լինի քեզ համար` փորձի՛ր վերահսկել զգացմունքներդ: Հիշի՛ր, որ նա սովորական ծանոթ է, ու եթե անգամ կատարվածը որևէ բան փոխի` նա միակը չէ, ու դա չի նշանակում, թե չպետք է շփվես տղաների հետ կամ բարդութավորվես: Լռի՛ր ու ժամանակ տուր նրան մտածելու, բայց պատրաստ եղիր նրա ցանկացած քայլին: Եթե որոշ ժամանակ կամ մի քանի օր անց քեզ հետ կապ չհաստատի, թերթի՛ր այդ էջն ու վստա՛հ եղիր, որ կատարվածը կենսափորձ է:

Իսկ թե ինչպես կզարգանան ձեր հարաբերությունները` կարող ես կիսվել նաև մեզ հետ:

Անի Պետրոսյան