Առաջին ժամադրություն. 10 խորհուրդ

Ծանոթացել ես նրա հետ, շփվել, ու հիմա ժամանադրության ժամանակն է: Առաջին ժամադրությունը բոլորին է ստիպում անհանգստանալ, անքուն գիշերներ անցկացնել, մտածել, թե ինչպես կանցնի, ինչ անել, որ առաջինը վերջին չդառնա… Որպեսզի ավելի վստահ լինես ու ավելի հանգիստ պատրաստվես քո առաջին ժամադրությանը, մենք 10 խորհուրդ ենք առանձնացրել քեզ համար:

10729006_975346919148029_1876498099_n1. Առաջին ժամադրությունը դեռ հարսանիք չէ… Հանգիստ քնիր նախորդ գիշերն ու մի՛ ծրագրիր, թե ինչ ես ասելու, նա ինչ է ասելու: Նման դեպքերում ժամադրության ժամանակ պարզապես ամեն ինչ ձախողվում է:

2. Եթե դեռ չես ասել, որ հաշմանդամություն ունես, ապա մի՛ էլ ասա մինչև նրան հանդիպելը: Հավատա՛, որ քեզանից է կախված նրա վերաբերմունքը քո հանդեպ: Իսկ եթե այդ հանգամանքն ինչ-որ նշանակություն կունենա, աշխատի՛ր հեռու մնալ ու մի՛ խորացրու հարաբերություններդ:

3. Եթե հանդիպման վայրն ընտրելու թեմայով քննարկում լինի, ինքդ առաջարկիր որտեղ հանդիպել: Այնպիսի տեղ ընտրիր, որ մատչելի լինի քեզ, որ ազատ զգաս, ու խնդիրներ չառաջանան, օրինակ` սրճարանի անհաշիվ աստիճաններն իջնելիս:

4. Եթե տեսողության խնդիր ունես և մենակ չես գնում ժամադրության, ապա նրան հանդիպելիս ասա, որ ուղեկցողդ հեռանալու է: Դա կազատի ավելորդ լարվածությունից, ու նա չի հասցնի մտածել, որ ժամադրությունը խափանված է երրորդ անձի պատճառով:

5. Արտաքին տեսքդ կարևոր է, քանի որ առաջին տպավորություն գործելու համար երկրորդ հնարավորություն չես ունենա: Բնականաբար, պետք չէ պարահանդեսային հանդերձանք ընտրել կամ չափից դուրս շպարվել: Բնական տեսքով ավելի դուր կգաս խելացի տղամարդուն: Շատ կարևոր է, որ հարմար հագուստ ընտրես, որպեսզի վստահ զգաս քեզ ու անընդհատ այն ուղղելու, շտկելու կարիք չլինի:

6. Զրուցելիս մի՛ կաշկանդվիր, անպայման հստակ պատասխաններ տուր նրա հարցերին, մասնակցի՛ր զրույցին, որ տպավորություն չլինի, թե գնացել  ես դասախոսության: Արտահայտի՛ր կարծիքդ քննարկվող թեմաների մասին: Եթե խոսելու դժվարություն ունես, փորձի՛ր ավելի պարզ խոսել, ավելի հանգիստ ու առանց լարվելու: Եթե ժեստերի լեզվով ես հաղորդակցվում, նրան ասա, որ կարող եք հասկանալ միմյանց, չէ՞ որ շրջապատիդ ոչ բոլոր մարդիկ են ժեստերով հաղորդակցվում, բայց կարողանում են հասկանալ քեզ:

7. Փորձի՛ր ցույց տալ նրան, որ հաշմանդամությունը դու չես: Վստա՛հ եղիր ուժերիդ, ժպտա՛ ու հնարավորինս հետաքրքիր թեմաներից խոսիր: Բայց քեզ դեռատի աղջնակի պես չպահես… գոնե առաջին ժամադրության ընթացքում:

8. Եթե հաշմանդամությանդ մասին հարցեր տա, փորձի հասկանալ, թե ինչո՛ւ նախապես չես ասել, ցույց տուր, որ մտադիր չես եղել թաքցնել, պարզապես համարել ես, որ դա առաջնային հանգամանք չէ, կամ ցանկացել ես կենդանի շփման ժամանակ այդ թեմային անդրադառնալ: Հնարավորինս անկե՛ղծ եղիր նրա հետ, բայց հիշի՛ր, որ դա առաջին ժամադրությունն է, խաղաքարտերդ միանգամից մի՛ բացիր:

9. Եթե առաջարկի քեզ տուն ուղեկցել, փորձիր չմերժել: Տղաները պատահական առաջարկներ չեն անում:

10. Ժամադրությունից հետո սպասի՛ր նրա զանգին: Եթե 1-2 օր արձագանք չկա, կարող ես ինքդ հետաքրքրվել, թե ինչպես է: Եթե դրանից հետո նա ոչինչ չանի, սպասի՛ր քո հաջորդ առաջին ժամադրությանը:

Ցանկացած պարագայում հիշի՛ր, որ պարտադիր չէ առաջին հանդիպումից հետո բուռն սիրավեպ սկսվի: Մեծ ակնկալիքներ մի՛ ունեցիր ու պարզապես վայելի՛ր պահը:

Անի Պետրոսյան