Արամ Նիկոլյան. «Պետք չէ ամաչել, թաքնվել»

Դիզայներ Արամ Նիկոլյանը ոլորտում եզակիներից է, ով հաշմանդամություն ունեցող կանանց, երեխաների հետ աշխատանքի փորձ ունի: Մեր զրույցը նրա հետ նորաձևության ընդունված և  մի փոքր անսովոր չափանիշների մասին է:

– Հաշմանդամություն ունեցող անձանց հետ ձեր առաջին փորձը 2003-ին էր, երբ «Հույսի կամուրջ» ներառական թատերախմբի հետ «Ռևիզոր» ներկայացման բեմական հագուստներն էիք ստեղծում: Ի՞նչ տվեց այդ համագործակցությունը ձեզ:

10748841_702093239868840_62992836_n– Դա թատերական ներկայացում էր, որի համար պետք է հագուստներ կարվեին: Այդ աշխատանքը մյուսներից տարբերվում էր նրանով, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ աշխատելիս, նրանց համար հագուստ մոդելավորելիս կոնստրուկտիվ առումով աշխատանքդ փոխվում է, ձևվածքները մի փոքր այլ են լինում, մի փոքր ասիմետրիկ, ոչ ստանդարտ: Ինչպես իմ մյուս գործերից, այդպես էլ այդ աշխատանքից բավարարվածության զգացում եմ ապրել: Ես այդպիսին եմ, ոչինչ թերի, անավարտ չեմ թողնում ու ներկայացումն էլ համարում եմ հաջողված համագործակցություն:

– 2012-ին «Նորաձևության ճանապարհ» միջազգային նախագծի շրջանակներում ձեր հագուստները հաշմանդամություն ունեցող աղջիկներ ցուցադրեցին:

– Այն բավական մեծ նախագիծ էր, համախմբել էր հայ և եվրոպացի նկարիչ մոդելավորողներ Միացյալ Թագավորությունից, Չեխիայից, Դանիայից, Ռումինիայից և Գերմանիայից: Յուրաքանչյուր ներկայացուցիչ մասնակից մյուս երկրի մշակույթից ոգեշնչվելով էր ստեղծել ցուցադրված աշխատանքները: Հայաստանյան ցուցադրության ժամանակ հաշմանդամություն ունեցող աղջիկների հետ համագործակցեցինք, քանի որ նրանք հասարակության լիարժեք անդամ են ու կարող են ներկայանալ նաև այս ոլորտում: Նրանք կրում էին արտասահմանցի դիզայներների հագուստերը, որոնք հատուկ նրանց համար չէին կարվել, բայց առաջինը նրանք են կրել, ցուցադրել: Մինչ այդ դրանք միայն մանեկենների վրա ենք ցուցադրել: Աղջիկներից մեկը սայլակ էր օգտագործում, մյուսի թևն էր անդամահատված դաստակից, մյուսն էլ հենաշարժական խնդիր ուներ:

– Ի՞նչ առանձնահատկություն կա հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ աշխատելիս, արդյոք կարծրատիպեր չե՞ք ունեցել մինչև համագործակցությունը:

– Առանձնահատկությունը միայն տեխնիկական առումով է: Նրանց համար պարզապես այլ կերպ ես ձևում հագուստը: Ինչ վերաբերում է կարծրատիպերին, երբեք դրանք չեմ ունեցել, քանի որ ինձ համար նրանք մյուսներին հավասար են ու կարող են լիարժեք կյանքով ապրել:

– Համաշխարհային շուկայում շատ են այն նորաձևության տները, որոնք համագործակցում են հաշմանդամություն ունեցող մոդելների հետ, նրանց համար հագուստ ներկայացնում, հավաքածու ստեղծում: Հետևո՞ւմ եք միջազգային շուկային:

– Հատուկ չեմ հետևում նմանօրինակ աշխատանքներին, բայց վերջին այդպիսի աշխատանքը տեսել եմ Dior-ի մոտ: Ինձ համար դրանում տարօրինակ բան չկա, ու եթե տեսնում էլ եմ նման աշխատանքներ, ապա դրանց մյուսների պես, նույն աչքով եմ նայում:

10656153_702093289868835_1912083175_n– Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ հայկական ամսագրերում կամ ցուցադրություններում չենք հանդիպում հաշմանդամություն ունեցող կանանց:

– Իմ կարծիքով՝ շատ անգամ հենց հաշմանդամություն ունեցող աղջիկների, կանանց կարծրատիպերն ու վախերն են պատճառը: Հնարավոր է նաև, որ առաջարկներն էլ են բացակայում, բայց նաև նրանց մոտ կա կարծրատիպ, ըստ որի իրենք վախենում են այդ քայլին գնալուց: Դա իմ կարծիքն է, բայց թե իրականում որն է պատճառը` չգիտեմ:

– Գուցե այն պատճառով, որ կարծում ենք՝ գեղեցիկ կինը նա է, ում տեսնում ենք ամսագրերում կամ պոդիումում: Ի՞նչ կարծիքի եք:

– Ո՛չ, բացարձակապես այդպես չէ: Որպես տղամարդ կասեմ, որ կնոջ գեղեցկությունն ինձ համար նրա ներաշխարհն է: Ինձ երբևէ չի գրավել արտաքին կաղապարը: Ցանկացած կին կանացի ու հմայիչ է իր ներքին հմայքի, նրբության ու բարեկրթության շնորհիվ:


– Հաշմանդամությունը չի խանգարում նաև սեքսուա
՞լ լինել:

– Իհարկե ոչ: Բրիտանական խորհուրդը հաշմանդամություն ունեցող աղջիկների լուսանկարների ցուցահանդես էր կազմակերպել, ու երբ դրանք տեսա, ինձ համար մի փոքր անսպասելի համարձակություն էր, բայց բավականին հաջողված էր, ու կարծում եմ` նկարներ կային, որ ավելի սեքսուալ էին, քան շատ ամսագրերի էջերում հայտնվածները: Սեքսուալությունը ցանկալի լինելն է: Գեղեցկությունն էլ դրա հետ չեմ կապում: Դա մի բան է, որը պետք է տեղին լինի, ճիշտ չափով: Դա աղի պես մի բան է կնոջ կերպարի մեջ: Սեքսուալությունը հակառակ սեռին դուր գալու գրավականն է: Ինձ համար երբևէ խոր լանջաբացվածքը կամ շատ կարճ հագուստը չի կարող սեքսուալ լինել: Դա ներքին մի բան է, որ հագուստով ուղղակի կարող ես շեշտել:

– Հնարավո՞ր է, որ մի օր հավաքածու ներկայացնեք միայն հաշմանդամություն ունեցող կանանց համար:

– Անհնար բան չկա, հնարավոր է: Առաջիկայում՝ ո՛չ, քանի որ հիմա Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հավաքածուի վրա ենք աշխատում: Նախորդ հավաքածուն` «Իմ երազը», ստեղծվեց շաքարային դիաբետ ունեցող երեխաների հետ համագործակցության արդյունքում: Նրանց նկարները հագուստների համար հիմք դարձան: Այդ նախագիծը դրական ու հաջողված եմ համարում: Երեխաների բարությունն ու հույզերն այնքան շատ էին, որ ամեն անգամ հիշելիս փշաքաղվում եմ:

– Ի՞նչ խորհուրդ կտաք հաշմանդամություն ունեցող կանանց ճիշտ հագուստ ընտրելու համար:

– Այս դեպքում էլ նրանց չեմ առանձնացնի ու խորհուրդ կտամ այն, ինչ մյուս կանանց: Չկրեն իրենց կազմվածքին չհամապատասխանող հագուստ: Պետք է միջավայրին, իրավիճակին հարմար հագնվել: Նորաձև է այն մարդը, ով անհատ է ու տարբերվում է իր կերպարով: Ինչ վերաբերում է հաշմանդամությանն ու հագուստին, ապա պետք չէ ծածկել, թաքցնել մարմինը: Միշտ պետք է հիշել, որ Աստված քեզ այդպիսին է ստեղծել, իսկ նա իր գործերում երբեք չի սխալվում: Պետք չէ հաշմանդամությունը թերություն համարել: Հարկավոր է գոհ լինել ու լիարժեք մարդ համարել ինքդ քեզ: Պետք է գիտակցել, որ օրինակ` մի ձեռք ունենալու դեպքում կարող ես ավելին անել, քան, ասենք՝ երկու առողջ ձեռք ունեցողը: Հաշմանդամությունը կնոջ համար չպետք է տաբու դառնա, նա պետք է գիտակցի, որ դա իր գեղեցկության հետ կապ չունի: Աստծուց հարկավոր է շնորհակալ լինել նրա համար, որ կաս, ապրում ես ու ամեն անգամ մի նոր հարթության վրա ես հայտնվում:

Անի Պետրոսյան