«Մայրության դպրոցներ»` ոչ բոլոր հղիների համար

2008 թ. Հայաստանում սկսեցին «Մայրության դպրոցներ» հիմնել: Նախաձեռնողներն էին ՀՀ առողջապահության նախարարությունը (ԱՆ) և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (ՄԶԳ): ԱՄՆ ՄԶԳ-ն ֆինանսավորել է 20 դպրոցներ բացելու ծրագիրը, իսկ ՀՀ ԱՆ-ն կազմել ծրագիր` ռազմավարություն և մեթոդներ, ինչպես նաև աջակցել մասնագետների վերապատրաստմանը:
profile-of-3-pregnant-bellies-iStock_000016326441Small-615x409Քիչ չեն նաև մասնավոր միջոցներով բացված հղիների ուսուցման կենտրոնները: Այդպիսիք կան կամ եղել են նաև մարզերում: Դրանցից մի քանիսի հետ կապ հաստատել չկարողացանք, քանի որ գործող հեռախոսահամարներ չկան, իսկ նրանք, որոնք կարողացանք գտնել, կա՛մ պատասխանողներ չկային, կա՛մ վաղուց փոխվել էր օգտատերը: Նման դպրոց կա նաև Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում:
Պարզվեց՝ հիվանդանոց զանգահարելը փորձություն է, որ ինֆորմացիա ստանալու համար պետք է հաղթահարվեր: Հեռախոսափողը մի շարք մասնագետների փոխանցելուց հետո մեզ պատասխանեցին, որ դպրոցն իր գործունեության ընթացքում երբևէ հաշմանդամություն ունեցող կանանց չի ներառել իր ծրագրերում: Հաշմանդամություն ունեցող հղիներ նրանց չեն դիմել:
«Մալաթիա» բժշկական կենտրոնում ևս գործում է «Մայրության դպրոց»: Զրուցեցինք մանկաբարձագինեկոլոգ Արմինե Բդոյանի հետ, ով նշեց, որ իր 1,5 տարվա աշխատանքային պրակտիկայի ընթացքում բուժհաստատությունում դասընթացներին հաշմանդամություն ունեցող կանայք չեն մասնակցել: «Մեր դասընթացներին մեր հիվանդանոցի հղիներն են մասնակցում: Իմ պրակտիկայում դեռ նման դեպք չի գրանցվել: Սակայն բուժհաստատությունը մատչելի է ֆիզիկական հաշմանդամություն ունեցող կանանց համար: Նրանք կարող են այցելել ու օգտվել մեր ծառայություններից: Ինչ վերաբերում է տեսողության կամ լսողության խնդիր ունեցող կանանց, նրանց հետ պատրաստ ենք անհատական աշխատանքներ կատարելու և անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու»,- նշում է Բդոյանը:
Պարզելու համար, թե արդյոք ՀՀ առողջապահության նախարարության հիմնած դպրոցների տրամադրած անվճար դասընթացները հասանելի՞ են հաշմանդամություն ունեցող կանանց, թե՞ ոչ, հարցում ուղղեցինք համապատասխան մարմնին: Նախարարությունից մեզ տեղեկացրին, որ Երևանում և բոլոր մարզերում գործում են շուրջ 90 կանանց կոնսուլտացիաներ, և դպրոցում հղիների հետ անցկացվում են «Մայրության դպրոցի» պարապմունքներ: Դրանց կարող են նաև հաշմանդամություն ունեցող կանայք մասնակցել, սակայն նախարարությունն այս մասին վիճակագրություն չի վարում:
Հաշմանդամություն ունեցող կանանցից ոմանք տեղյակ էլ չեն դասընթացների մասին, ոմանք որոշակի պատճառներով դուրս են մնացել ծրագրից: Աստղիկ Վարդանյանը, ով տեսողության խնդիր ունի, նշեց, որ տեղյակ է եղել դասընթացների մասին, սակայն հղիության ընթացքում նաև աշխատել է ու ժամանակ չի ունեցել դասերին մասնակցելու: Աստղիկի համար բարդ է եղել նաև տնից կամ աշխատանքից հիվանդանոց հասնելը: Նա Էրեբունի ծննդատանն է կոնսուլտացիաների գնացել, այնտեղ էլ ծննդաբերել է, բայց դասերին գնալու համար ուղեկցողի, տրանսպորտի խնդիր է ունեցել: Նելան Չարչյանն էլ հանրապետական հիվանդանոցում է ծննդաբերել, բայց տեղյակ չի եղել ու չի մասնակցել դասընթացներին:
Հաշմանդամություն ունեցող կանայք, թերևս, ավելի շատ ունեն նախածննդաբերական օգնության, խորհրդատվության կարիք, քանի որ երեխային խնամելու համար սովորականից շատ ջանքեր պետք է գործադրեն նախ հաղթահարելու համար հաշմանդամության առաջացրած խոչընդոտները, հետո՝ երեխայի խնամքի հետ կապված բարդությունները: Պետությունն այս մասին չգիտի՞, թե՞ չի ցանկանում իմանալ` հարցի մյուս կողմն է: Համենայն դեպս, հաշմանդամություն ունեցող մայրերը քիչ չեն Հայաստանում, ու նրանք ևս ժողովրդագրական աճ են ապահովում մեր երկրում:

Անի Պետրոսյան