Հայաստանի կին վարորդների ֆեդերացիան կոտրում է կարծրատիպերը

2013-ին Հայաստանի կին վարորդների ակումբը, որը հիմնվել է 11 տարի առաջ, վերակազմավորվեց ու դարձավ ֆեդերացիա: Հիմա կանայք արդեն անդամատոմս ունեն, ու ամեն ինչ ավելի է լրջացել, պահանջներն էլ՝ ավելի են խստացել: Ֆեդերացիան ամեն տարի մեքենաների ձևավոր վարման կանանց առաջնություն է անցկացնում: Ֆեդերացիայի նախագահ, «ՄագԱվտո»-ի վարող Մագա Մարտիրոսյանի հետ զրուցեցինք ֆեդերացիային անդամագրվելու կարգի ու հնարավորությունների մասին.

1609576_675946002461772_1459011022_n«Ֆեդերացիային կարող են անդամագրվել 18 տարին լրացած, վարորդական իրավունք ունեցող իգական սեռի բոլոր ներկայացուցիչները, պարզապես պետք է ներկայացնել համապատասխան փաստաթղթերը և իսկապես վարել կարողանալ: Ձևական բնույթ կրող վարորդական իրավունք ունեցողները մեզ մոտ չեն ընդունվում: Մեր ուսուցիչները, իհարկե, կօգնեն բոլոր նրանց, ովքեր թերացումներ կունենան վարժություններ կատարելիս, բայց ավելի լավ կլինի, որ մեզ դիմողները հնարավորինս լավ վարորդ լինեն, որ առաջնությունների ժամանակ կամ դրանց նախապատրաստվելիս խնդիր չունենան»,- ասում է Մագան:

Մրցաշարի մասնակիցներից երեք լավագույններն արժանանում են մրցանակների: Կին վարորդների ֆեդերացիան իր գործունեության ընթացքում նաև հաշմանդամություն ունեցող կանանց հետ է աշխատել.

«Հրազդանից մի կին կար՝ «Մոսկվիչ» մեքենա էր վարում ու բազմիցս մասնակցեց մեր մրցաշարերին: Նա ֆիզիկական հաշմանդամություն ուներ, մեքենան հատուկ հարմարեցված էր, որ ոտքերի խնդիրները չխանգարեին վարելուն: Տարիքով կին էր, միշտ խանդավառությամբ էր մրցաշարերին մասնակցում: Ոչ մի անգամ չհաղթեց, բայց ամեն անգամ նրան խրախուսական մրցանակ էինք հանձնում: Վերջին տարիներին կորցրել ենք կապը նրա հետ ու հիմա ամեն կերպ փորձում ենք գտնել: Շատ եմ ցանկանում, որ նա նորից մեր թիմում լինի,- պատմում է Մագան: – Նրանից բացի մի աղջիկ էլ կար, ով մի ագամ մասնակցեց մրցաշարին: Լավ չվարեց, հուզվեց, լաց եղավ ու այլևս չեկավ ակումբ: Մենք բաց ենք բոլոր կանանց համար ու խտրականություն չենք դնում, քանի որ յուրաքանչյուրը մեր հասարակության անդամն է: Շատ կարևոր է նրանց ինտեգրումը հասարակությանը: Կարևոր է, որ հաշմանդամություն ունեցող կանայք գան, մասնակցեն միջոցառումներին, քանի որ սխալ է մտածել, թե մեքենա վարելը նրանց համար չէ»:

Հաշմանդամություն ունեցող վարորդ կանայք կարող են ցանկության դեպքում դիմել ֆեդերացիա, մասնակցել նախընտրական փուլին ու հաջողելու դեպքում՝ գլխավոր մրցաշարին: Վերջինին բոլորը չեն մասնակցում, բայց դա չի խանգարում մնալ ֆեդերացիայի կազմում:

Ֆեդերացիան, բացի առաջնությունից, այլ միջոցառումներ էլ է կազմակերպում, օրինակ՝ հանդիպում-քննարկումներ ավտոդպրոցների տնօրենների, վարորդների իրավունքների պաշտպանի, ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչների հետ:

Անի Պետրոսյան