Հղիությունն էպիլեպսիայի ժամանակ. հաճախ տրվող հարցեր

Անվտա՞նգ է արդյոք հղիությունն էպիլեպսիա ունեցող կնոջ համար

Այո՛, անվտանգ է: Հղիության ընթացքին ճիշտ հետևելու շնորհիվ կանանց 90%-ը նորմալ է տանում այդ 9 ամիսը, ու երեխաները խնդիր չեն ունենում ծնվելուց հետո: Պետք է նշել, որ հղիության ընթացքում ցնցումների հավանականությունը 25% է: Պետք է կարողանալ վերահսկել ցնցումներն ու ընդունել անհրաժեշտ դեղամիջոցները, որպեսզի պտղին վտանգ չսպառնա:

Ազդո՞ւմ է արդյոք էպիլեպսիան բեղմնավորման վրա

Հնարավոր է: Էպիլեպսիան կարող է մեծացնել անպտղության ռիսկը` կախված հորմոնային ֆոնի փոփոխություններից ու սեռական ցանկության նվազումից, ինչը չի բացառվում, եթե կինն էպիլեպսիա ունի: Դեղամիջոցները, որ նշանակվում են էպիլեպսիա ունեցող կանանց, կարող են վնասել ձվաբջջին, ահա թե ինչու կանանց համար դեղորայքի ընտրությունը շատ կարևոր է:

Կարո՞ղ է հղիությունն ավելացնել ցնցումների հաճախականությունը

Ոչ բոլոր դեպքերում, որոշ դեպքերում կանանց մոտ ցնցումները հաճախակի են դառնում: Ըստ վիճակագրության` դա տեղի է ունենում էպիլեպսիա ունեցող կանանց 25%-ի մոտ: Հղիության ընթացքում ցնցումները վտանգավոր են, որովհետև կինը կարող է ընկնել կանգնած կամ նստած դիրքից ու վնասվածք ստանալ: Մեծ է նաև վիժելու վտանգը:

Ծննդաբերության ժամանակ հնարավո՞ր է ցնցումներ սկսվեն

Այստեղ ցնցումների ռիսկը քիչ է: Ծննդաբերության ընթացքում հազվադեպ են նման դեպքեր գրանցվում: Դա լինում է այն կանանց մոտ, ովքեր հետևողական չեն իրենց առողջությանն ու էպիլեպսիայի զարգացման ընթացքին: Ծննդաբերության ժամանակ ցնցումներ սկսվելու դեպքում կա՛մ անհրաժեշտ դեղորայքով դադարեցնում են դրանք, կա՛մ դիմում կեսարյան հատման:

Արդյոք վտանգավոր չե՞ն դեղամիջոցները պտղի համար

Հղիության ընթացքի և էպիլեպսիայի զարգացման ընթացքի ճիշտ վերահսկման դեպքում՝ ո՛չ: Սովորաբար էպիլեպսիայի դեպքում ընդունվող դեղերը պտղի մոտ թթվածնային անբավարարություն են առաջացնում, սակայն միայն այն դեպքում, երբ դրանք սխալ ձևով, սխալ ղեղաչափով են ընդունվում: Հղիության ընթացքում պետք է էպիլեպսիան վերահսկվի հնարավորինս քիչ դեղամիջոցների ընդունման եղանակով, դրա համար հղիությանը պետք է նախօրոք պատրաստվել:

Արդյոք երեխան կժառանգի՞ էպիլեպսիան

Ապացուցված է, որ էպիլեպսիայի ոչ բոլոր տեսակներն են ժառանգաբար փոխանցվում: Հավանականությունը, որ էպիլեպսիա ունեցող ծնողի երեխան ևս նույն էպիլեպսիա կունենա, ավելի քան 8% է: Եթե երկու ծնողներն էլ էպիլեպսիա ունեն, ժառանգականության հավանականությունը 20-30% է:

Վտանգավո՞ր է արդյոք կրծքով կերակրելը

Ո՛չ, վտանգավոր չէ: Երեխան ներարգանդային կյանքում էլ ստացել է այն դեղորայքը, որ մայրն օգտագործում է էպիլեպսիայի դեպքում: Դրա համար էլ չպետք է մտածել, որ կաթի միջոցով դեղորայքը երեխային չանցնելու համար նրան պետք է կրծքով չկերակրել: Չպետք է երեխային զրկել այդքան օգտակար մայրական կաթից, որն անփոխարինելի է յուրաքանչյուր երեխայի համար:

Հ.Գ. Յուրաքանչյուր կին ընտանիք կազմելու, երեխա ունենալու իրավունք ունի: Էպիլեպսիան չի կարող նրանից խլել այդ իրավունքը:

Հղի կին